Տարուց ավելի է, ինչ լրատվամիջոցներում անընդմեջ խոսվում է ՀՀԿ և ԲՀԿ հարաբերություններում ներքին հակադրությունների մասին։ Ընտրական այս շրջանում խոսակցություններն ավելի են «թեժացել»։ Ի վերջո, կա՞ արդյոք այս պահին երկու կուսակցությունների միջև ներքին լարվածություն, եթե ոչ, ապա ինչո՞վ է պայմանավորված նման լուրերի «ծնունդը»։ Կառավարության երեկվա նիստի ավարտից հետո հարցի պատասխանը փորձեցինք ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:
-«Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև ներքին լարվածություն չկա, ես այն չեմ տեսնում։ Քարոզարշավ է, և բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, ձգտում են ներկայացնել իրենց շահերը, չի բացառվում նաև այս կամ այն քաղաքական ուժին հակադրվելու հնարավորությունը։ Սա նորմալ գործընթաց է, որևիցե հակամարտություն և հակադրություն չի կարող լինել։ Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, ապա ընտրությունների շրջանում նման երևակայական լուրերը նույնպես բնական են։
-Նույնիսկ, երբ ԲՀԿ-ն քննադատում է այսօրվա սոցիալական քաղաքականությո՞ւնը։
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի քննադատում, այլ ընդամենը ներկայացնում է իր առաջարկները, մասնավորապես` իրականացնել սոցիալական առավել հասցեական, լայն քաղաքականություն։
-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը ձերն է` ԲՀԿ-ինը, ի՞նչն էր խանգարում, որ մինչ օրս ավելի լայն և հասցեական քաղաքականություն չեք վարել ոլորտում։
-Սոցիալական քաղաքականությունն իրականացվում է պետբյուջեով հաստատված ֆինանսական միջոցների հաշվին։ ԲՀԿ-ի կողմից հնչող այսօրվա առաջարկները վերաբերում են առաջիկա հինգ տարիներին, որը ենթադրում է ընդլայնել և առավել մեծացնել սոցիալական քաղաքականության հնարավորությունները։
Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ